ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տաճար տանող ճանապարհի ճողվածքը

Տաճար տանող  ճանապարհի ճողվածքը
12.05.2015 | 00:06

Չտագնապեք, որքան գայթակղիչ է այս խորագիրը, նույնքան էլ «դարակազմիկ» է ձեզ ներկայացվող պատմությունը։ 2007-ի խոր աշունն էր։ Տոն էր Շիրազի փողոցի ձախ հատվածում։ Հոգևոր և աշխարհիկ այրերը Սուրբ խաչ եկեղեցու հիմնարկեքի սրբազան արարողությունն էին իրականացնում։ Հիմնարկեքը, ինչպես միշտ և ինչպես ամենուր, իրականացավ բարձր հոգևոր-աշխարհիկ մակարդակով, եկեղեցու հիմքը օրհնվեց, ճառեր հնչեցին և խոստումներ տրվեցին։ Եթե չեմ սխալվում, օրհնության և ճառերի միջնամասում հայտարարվեց, որ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում ստեղծվել է Սուրբ խաչ եկեղեցու շինարարությունը սկսող և այն բարեհաջող ավարտող մի հիմնադրամ։ 2008-ին արդեն պատրաստ էր եկեղեցու հիմքը։ Ըստ ամենայնի, հիմնադրամում առկա գումարները բավարարեցին միայն հիմքի կառուցմանը։ Անցել է յոթ և կես տարի, բայց եկեղեցու հետ կապված շինաշխատանքները սառեցված են, և այս տեսանկյունից Սուրբ խաչը եզակի է, որքան տեղյակ եմ, Երևանի բոլոր վարչական շրջանները փառավորված են «սեփական» եկեղեցիներով։ Աջափնյակը բացառություն է, և սա խիստ զարմանալի է, քանի որ օրինաչափ կլիներ եկեղեցու բացակայությունը, եթե թաղամասը ժամանակին կառուցվեր Հրազդան գետի ձախ ափին և անվանվեր Ձախափնյակ։ Տարիներն անցնում էին, և հիմնարկեքից երեք տարի անց փողոցի եզրին մի ընդարձակ սրահ կառուցվեց, որը պիտի սպասարկեր դեպի Սուրբ խաչ ընթացող հավատավոր հոտի հոգևոր և աշխարհիկ պահանջները։ Այստեղ պիտի ծննդյան, կնունքի, հարսանիքի և սգո արարողություններ իրականացվեին։ Սակայն Սուրբ խաչը համառորեն չի կառուցվում, բնականաբար, նույն համառությամբ էլ անգործության է մատնված նշյալ ընդարձակ և բավականին գեղեցիկ սրահը։ Ի դեպ, այս սրահը որոշակիորեն կփակի Սուրբ խաչ եկեղեցու տեսարանը, եթե, իհարկե, երբևիցե այն կառուցվի։ Այսինքն, կառուցապատման նախագծով մայրաքաղաքի քաղաքաշինարարները դեռ էն գլխից ջրերը պղտորել են։ Սակայն սա դեռ չարչարանաց ճանապարհի վերջը չէ։ 2012-ին հենց եկեղեցուն հանդիպակաց հատվածում վերգետնյա անցում կառուցվեց, որը և՛ պիտի ապահովեր հետիոտների անվտանգ անցումը դեպի կանգառ, և հասկանալի է, հավատացյալների հանդիսավոր երթը դեպի Սուրբ խաչ։ Եկեղեցին չի կառուցվում։ Սակայն չէ՞ որ հնուց է հայտնի` սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եկեղեցուն հարակից հատվածում կառուցվում-ավարտվում է մի ինքնատիպ համալիր, հյուրատուն կամ առանձնատների շարք։ Կառուցում է և ասֆալտապատ ճանապարհ է գցում դեպի Շիրազի փողոց, ուղիղ դեպի գետնանցում։ Այսինքն` հետիոտնը հենց ոտքը դնում է վար, գետնանցումի տակից դեպի հյուրատուն տանող ճանապարհ մտնող ավտոմեքենան Շիրազի փողոցից կտրուկ շրջադարձ է կատարում և հետիոտնին տապալելով` հաղթական ընթանում է դեպի հյուրատուն։ Սա ևս կառուցապատման նախագծով է նախատեսված։ Ահազանգս ամիսուկես առաջ ստանալով` քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը գտավ ելքը` հետևելով արևելյան իմաստությանը. երբ ոչ միսն է այրվում, ոչ էլ շամփուրը։ Այսպես, վերգետնյա անցումի շուրթից դեպի կանգառ հասցնող մայթի եզրը ճերմակ հոծ գծով է պատել, վրան էլ անմոռուկներ է պատկերել։ Հոծ գծերից մեկին էլ գեղարվեստական լուծում է տվել, այն վերածելով փռված ժամացույցի։ Գեղեցիկ է և խորհրդանշական, ժամացույցը հավանաբար պատկերում է անմոռուկների հավերժությունը, նրա դեղին կաշեգոտին էլ` հոծ գծերի ճերմակադեղին ռապսոդիան։ Չէ՞ որ հոծ գծերը, ինչպես և պետհամարանիշերը, զարմանալի հերթափոխի մեջ են, մի վարչապետի հրահանգով դրանք ճերմակում են, մյուսի կամքով էլ դեղնում։

Հյուրատան շինարարությունը ողջ թափով է ընթանում, ճանապարհի եզրերն արդեն տնկիներով են պատվել, ժամանակ անց դրանք ծառեր կդառնան և իրենց մեղմանուշ սոսափյունով հավանաբար կմիանան խորհրդանշական ժամացույցի խորհրդավոր նվագին։ Այո, թափ և երևակայություն ունի նշյալ շինության սեփականատերը։ Հյուրատան դիմացի տնկիները արդեն իսկ փակում են Սուրբ խաչ կառուցվելիք եկեղեցու մուտքը։ Մի խոսքով, ամիս-ամիսուկես անց ամեն բան կմտնի յուր տրամաբանական ակոսը, մեկը մյուս հետևից կհաշմվեն վերգետնյա անցումից օգտվողները, եկեղեցու հիմքն էլ, ամենայն հավանականությամբ, կծառայի որպես խաղահրապարակ։ Ի դեպ, եթե ինչ-որ հրաշքով Սուրբ խաչը, այնուամենայնիվ, կառուցվի, միևնույն է, հավատացյալները եկեղեցի չեն հասնի։ Հյուրատան ճանապարհը մայթեր չունի, եկեղեցամերձ մյուս հողատարածքներն էլ մեկ ուրիշի սեփականությունն են, և այստեղ էլ շուտով նոր ճանապարհներ կգցվեն ու շենքեր կկառուցվեն։ Ի դեպ, իմ ահազանգերին ի պատասխան մասնագիտական մի ցնցակաթվածային բացատրության արժանացա. պարզվում է, որ վերգետնյա անցումը ժամանակին կառուցվել է ոչ իր տեղում և այսօր խանգարում է հյուրատան ճանապարհին։ Ի դեպ, նորակառույց հյուրատունը լիովին կարող է օգտվել շրջանցիկ ճանապարհից, որից օգտվում են նրան հարակից առանձնատների բնակիչները։ Խնդրի հարցով ահազանգել եմ նաև Մայր աթոռի ճարտարապետական վարչությանը և իրազեկել, որ այսպես ու այսպես, Սուրբ խաչ կառուցվելիք եկեղեցու տարածքը կարծես թե վտանգի տակ է, փորձեք կանխել։ Ոչ մի արձագանք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Այսպիսով, ինչ է մնում ձեռնարկել այս պահին։ ՀՀ ՃՈ պատասխանատուները պիտի որ այցելեն, տեղազննեն նշածս վտանգավոր հատվածը և համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Իսկ ի՞նչ են մտածում այս մասին 2007-ի աշնանային փառավոր հիմնարկեքի մասնակիցները, երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ իշխանները, սա է, թերևս, ամենակարևորը այս անսովոր պատմության մեջ։

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ